Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել տիկնոջ հետ․ այսօր նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

273238

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: 

Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:

Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Միսաք Մանուշյանի պանթեոնիզացիայի արարողությունը, կնոջ՝ Մելինե Մանուշյանի ուղեկցությամբ, տեղի է ունենալու փետրվարի 21-ին՝ Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ։

Միսաք Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքանդր Դյուման և այլք:

Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

--00—ՅՄ