Ռուս զինվորականներն աստիճանաբար լքում են ՀՀ-ն. Ալեն Սիմոնյանը՝ լատվիացի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

ալլ.jp

Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է դուրս գալ Հավաքական անվտանգության կազմակերպությունից, երկրից աստիճանաբար դուրս են գալիս ռուս զինվորականները։ Այս մասին լատվիական Rus.LSM-ի փոխանցմամբ ասել է այդ երկրի խորհրդարանի ղեկավար Դայգա Միերինան՝ փոխանցելով ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքերը։ 

«Մենք խոսեցինք այն մասին, որ Հայաստանը գտնվում է ԵՄ մտնելու ճանապարհին։ Եվ դա է պատճառը, որ ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որը ղեկավարում է Ռուսաստանը։ Բացի այդ, Հայաստանը մեզ տեղեկացրել է, որ ռուսաստանցի զինվորականները կամաց-կամաց լքում են երկիրը», - փոխանցել է Ալեն Սիմոնյանի հետ իրենց առանձնազրույցի մանրամասները նրա լատվիացի գործընկերը։ 

Իր հերթին Ալեն Սիմոնյանը նույն լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցածը շատ նման է ուկրաինական իրադարձություններին։ 

«Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում։ Գործող անձինք, պարզապես, մի փոքր տարբեր են: Մեզ աջակցություն է պետք երկարաժամկետ խաղաղության համար։ Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ. Մեզ միայն Ադրբեջանի կառավարության ցանկությունն է պետք՝ խաղաղություն հաստատելու։ Եվ այս հարցում մեզ անհրաժեշտ է Լատվիայի և եվրոպական այլ գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- Rus.LSM-ին ասել է նա։

--00—ԼՀ