Ձեր դեսպանության հետ մենք արդյունավետ աշխատում ենք. Վաղարշակ Հակոբյանը՝ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

l-0x0wh-786x458z-1

Ձեր դեսպանության հետ մենք արդյունավետ աշխատում ենք ոչ միայն խորհրդարանական, այլև բոլոր մակարդակներում: Ղազախ գործընկերների հետ մենք հաճախ հանդիպում ենք տարբեր միջազգային հարթակներում, և այդ հանդիպումները միշտ օգտագործում ենք ի նպաստ երկու երկրների խնդիրների լուծման: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Ղազախստան  բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Ինձ համար շատ կարևոր է այս այցը, քանի որ այն նշանակալի ներդրում կունենա մեր երկրների հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում»,- ասել է Բոլատ Իմանբաևը:

Նա ընդգծել է, որ այսօր  նշանակալի օր է, քանի որ 25 տարի առաջ` 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, մեր երկրները ստորագրել են հիմնադրման փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության պայմանագիր:

Բոլատ Իմանբաևը նշել է, որ մեր երկրների հարաբերությունների ամրապնդման գործում զգալի ներդրում է ունեցել այս տարվա ապրիլ ամսին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պաշտոնական այցը Հայաստան: Դեսպանը կարևորել է այցի ընթացքում Ղազախստանի նախագահի հանդիպումն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Ղազախստանն ու Հայաստանն ունեն նմանատիպ օրակարգ բոլոր երկկողմանի հարցերում: Մենք շնորհակալ ենք հայկական կողմին Ղազախստանում միջազգային միջոցառումներին մասնակցելու և աջակցելու համար»,- ասել է դեսպանը:

Վաղարշակ Հակոբյանը հույս է հայտնել, որ մոտակա ժամանակում բարեկամական խմբերը փոխայցերի շրջանակում կհանդիպեն Հայաստանում:

--00—ՅՄ