ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News
Հայաստանի նկատմամբ Եվրամիության հետաքրքրվածությունը բնական ու գեոստրատեգիկ է, որը կարող է շատ դրական զարգացումների հանգեցնել։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Պետրաս Աուստրեվիչիուսը։
Հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ-ի հնարավոր դերակատարությանն ու COP 29-ին ընդառաջ ԵԽ-ի հնարավոր քաղաքական կեցվածքին։
-Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին ԵՄ-ն Հարավային Կովկասում փորձում է ավելի ակտիվ դերակատար լինել։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այս որոշումը։
-Նախ, ես տեսնում եմ, որ ԵՄ-ն մի փոքր ավելի մեծ դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ առումով: Դա մեծ հավակնություն էր, նույնիսկ պարոն Բորելի կողմից՝ լինել համաշխարհային դերակատար, և սա սցենարի մի մասն է: Երկրորդ՝ ինքնակենտրոնացումը հեռու չէ: Սև ծովի ավազանը մեր հարևանությամբ է գտնվում։ Մենք ունենք համագործակցության որոշակի պատմություն, ոչ անպայման մեծ ձեռքբերումներ, բայց դեռևս որոշ անդամ պետությունների կողմից ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ մեծ փորձեր կան: Եվ ես կարծում եմ, որ Եվրոպան խոստումնալից է մեր հարևանների համար, քանի դեռ նրանք համապատասխանում են անդամակցության չափանիշներին: Դա հարաբերությունների վերջնական փուլն է։ Բայց արանքում կան շատ ու շատ այլ փուլեր և համագործակցության զարգացման այլ ուղիներ: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ այդ հետաքրքրությունը բնական է, գեոստրատեգիկ է, և հատկապես 2022 թվականից հետո, երբ մենք տեսնում ենք Ռուսաստանի աճող կործանարար դերը մեր հարևանությամբ։ Սա մի բան է, որը պետք է հասկանանք և արձագանքենք:
-Շառլ Միշելը նույնպես փորձեց միջնորդ լինել... Իրատեսական տեսանկյունից ի՞նչ է անհրաժեշտ և ի՞նչ կարող է անել ԵՄ-ն Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար։ Որովհետև, երբ ուղիղ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը տեղի ունեցավ, ԵՄ-ն հանդիսատես էր:
-Մենք պատրաստ չէինք այդ սցենարին։ Եկեք անկեղծ լինենք՝ դա ռազմական միջոցներով գործողություն էր, որը գերազանցում էր ԵՄ-ի այն ժամանակվա ցանկացած կարողություն։ Նկատի ունեմ հենց տեղում այն իրավիճակը, որի մեջ հայտնվեցինք, այլ ոչ թե իրավիճակը, որին պատրաստվում էինք: ԵՄ դիրքորոշումը պետք է լինի դեպի լավը փոխել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Կարծում եմ, որ մենք պետք է շատ հստակ գիծ պահենք՝ ոչ մի ռազմական լուծում, միայն խաղաղ բանակցություններ, և հետո՝ երկու կողմերի համար համաձայնեցված պայմանների իրականացում: Ես կարծում եմ, որ պետք է հայտարարենք և հետևենք մեր գծին՝ ոչ մի ռազմական միջամտություն, ոչ մի ռազմական ուժ, ոչ մի սպառնալիք: Մենք միջոցներ ունենք երկու կողմերի համար, նույնիսկ Ադրբեջանի համար։ Ադրբեջանը մեծապես կախված է դեպի Եվրոպա մատակարարումներից։ Ադրբեջանը կարող է շատ բան կորցնել, եթե մենք անբարենպաստ կեցվածք որդեգրենք նրանց կայացրած որոշումների պատճառով: Ես կօգտագործեի այս սակարկության միջոցը մինչև վերջ՝ խաղաղ իրավիճակը Հարավային Կովկաս բերելու համար։ Դուք գիտեք այն սկզբունքը, որ երկուսը կռվում են, երրորդը՝ հաղթում: Երկուսի պայքարից ԵՄ-ն երբեք չի հաղթում։ Եթե երկուսը կռվում են, հաղթում է Ռուսաստանը։ Արդյոք մեզ պե՞տք է Հարավային Կովկասում Ռուսաստանի առավել շատ ներկայությունը։ Կարծում եմ՝ մենք այս 30 տարիներին երբեք չենք տեսել Ռուսաստանին որպես իսկական խաղաղապահ։ Նրանք փորձում էին այսպես ասած խաղաղություն բերել, բայց երբեք, երբեք խաղաղություն չբերեցին: Բերեցին պառակտումներ և հաջորդ սրացումը։ Դա ժամանակի հարց էր, երբ հարմար պահը գալիս էր, ռուսները այս կամ այն կողմում խաղում էին՝ կողմերին իրար դեմ հանելով: Ահա թե ինչու, եթե երկուսը կռվում են, ԵՄ-ն չի հաղթում: Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լուրջ լինենք և, օգտագործելով յուրաքանչյուր հասանելի գործիք, պարտադրենք այդ սկզբունքը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ