Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

կկ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Մոսկվայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս հանգամանքը բավական շատ մեկնաբանությունների տեղիք տվեց: Թե՛ հայկական, թե՛ արտերկրյա մեծաթիվ փորձագետներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը «մեսիջ» են հղում ՌԴ-ին, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա են բազմաթիվ հարցեր, միևնույն ժամանակ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ Արևմուտքին, որ ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում բոյկոտելու է եվրասիական ինտեգրացիոն գործընթացները և, այսպես ասած, «ատամ» է ցույց տալու Մոսկվային։

Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Եվրասիական ինտեգրացիան և դրա շրջանակներում բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչումը՝ էներգետիկ-տրանսպորտային, ներդրումային և հումանիտար, ՌԴ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և բոյկոտելով որոշակի փաստաթղթերի ստորագրումն այդ կազմակերպության ներսում՝ Փաշինյանը Հայաստանին վերագրում է, այսպես կոչված, Արևմուտքի «տրոյական ձիու» գործառույթ։ «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ փաստաթուղթը Արևմուտքի պատժամիջոցների քննադատություն է պարունակում։ Արևմուտքը միակողմանի պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի նկատմամբ և այդ փաստաթղթի ընդունումը Մոսկվայի համար կարևոր էր՝ որպես ԵԱՏՄ-ի կոլեկտիվ պատասխան Արևմուտքին, և այս առումով, ըստ ալիքի հեղինակների, ՀՀ-ի կողմից այս փաստաթղթին չմիանալը Երևանի փորձն է «չայրել կամուրջները» նաև Արևմուտքի հետ։

«Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին՝ սեփական իշխանության պահպանման համար։ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը սեփական իշխանությունը պահպանելուն ուղղված միջոցառումների շղթա է՝ այսօր նա ռուսամետ է, վաղը՝ արևմտամետ։ Հայաստանը Փաշինյանի օրոք բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները, ժամանակ առ ժամանակ չի մասնակցում ԵԱՏՄ միջոցառումներին՝ դա փորձելով ներկայացնել որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, իսկ իրականում ՔՊ-ն կատարում է Արևմուտքի հակառուսական հրահանգները»,նշում են հեղինակներն ու հավելում, որ ԵԱՏՄ-ի կայացումն ու ինտեգրացիայի խորացումը չի բխում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և անգլո-սաքսոնական ուժերի շահերից, քանի որ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Լոնդոնը ցանկանում են չեզոքացնել ռուսական ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ ներկայությունը հետխորհրդային տարածքում և ողջ նախկին ԽՍՀՄ տարածքը վերածել «նոր Ուկրաինայի»՝ հակառուսական երկրների կոալիցիայի:


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ