ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Իշխանությունը առիթ է ման գալիս ՀԷՑ-ը վերցնելու համար, պատճառ են բռնում, որ դժգոհություններ ունեն հոսանքի անջատումների հետ կապված։ Այս գործընթացը նոր չի սկսվել, շատ հնարավոր է՝ դա Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քայլ է, որպեսզի իր ձեռքից վերջնականապես վերցնեն ՀԷՑ-ը, քանի որ Սամվել Կարապետյանի հետ անձնական խնդիրներ ունեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի և ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի՝ աշխատանքից ազատման վերաբերյալ որոշումներին։
«Հնարավոր է, որ ռուսական ազդեցությունից ազատվելու խնդիր է դրված, ոչ մի հարցում պետական քաղաքականություն չկա։ Անհասկանալի գործընթացներ են գնում նաև ատոմակայանի շուրջ, ճակատագիրը պարզ չէ, կարող է քաղաքական խաղերի զոհ դառնալ, քանի որ Թուրքիան պահանջում է փակել այն»,- ընդգծեց Մանվելյանը։
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ բանախոսն ընդգծեց․ «Փաշինյանը վազելով գնաց Էրդողանի մոտ՝ աղաչելու, որ օգնի խաղաղության պայմանագիրը կնքել, թշնամի երկրին միջնորդ կարգելով՝ պետության վերջնական քայքայման սկիզբն է դրվում»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ