ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Նիդեռլանդները չի առարկում, որ Ուկրաինան իրեն մատակարարված F-16 կործանիչներն օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս։
Նա հաստատել է, որ Նիդեռլանդներն արդեն մատակարարել է F-16-երի առաջին խմբաքանակը, և դրանք արդեն օգտագործվում են Ուկրաինայի կողմից։ Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Նիդեռլանդները պահանջում է, որ Ուկրաինան հետևի միջազգային իրավունքին, բայց ռազմական ինքնաթիռների օգտագործման հեռահարության որևէ սահմանափակում չի մտցրել։
«Միջազգային իրավունքը կանգ չի առնում սահմանի կամ սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա, - Բրեկելմանսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: - Ուստի մենք թույլ ենք տալիս Ուկրաինային օգտագործել F-16-երն ինքնապաշտպանության համար, իսկ ինքնապաշտպանության համար կարող է պահանջվել հրթիռների կալանում (Ռուսաստանի օդային տարածությունում) կամ հարվածներ, օրինակ, օդանավակայաններին Ռուսաստանի տարածքում»։
Օգոստոսի 1-ին The Times թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրի, հայտնել էր, որ Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է վեց F-16 կործանիչ։ Հաղորդվել է, որ նիդեռլանդական կողմը նախատեսում է Կիևին փոխանցել, ընդհանուր առմամբ, 24 ինքնաթիռ:
--00—ԼՀ