ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Բարեկենդան է՝ բարի կենդանության օր, իսկ հաջորդ օրվանից մեկնարկում է հիսնակաց պահքը՝ ճանապարհ մոտենալու Տիրոջը:
Պահքի պատվիրանը տրվեց դրախտում, բայց մարդը չհետևեց հորդորին ու վտարվեց: Հայ Եկեղեցու տոնացույցում տարվա կեսը պահոց օրեր են, որոնք քրիստոնյային օգնում են մաքրվել:
Ինչպե՞ս պահք պահել, ի՞նչ ուտել, ինչ՝ ոչ: Պահքի ընթացքում հաճախ մտածելով այս հարցերի մասին՝ մարդիկ անտեսում են պահեցողության բուն գաղափարը՝ հայացքը դեպի Աստված ուղղելը: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը հիշեցնում է՝ կարևոր է ինքնամաքրման գործընթացը, մոլություններից հրաժարվելը.
«Երբ կարողանում ենք հաղթահարել վատ սովորությունները, որոնք ծնում են մեղքեր, մեկ աստիճանով բարձրանում ենք հոգևոր կյանքում: Ավելի մոտ ենք կանգնում մեր գերագույն նպատակին՝ արժանանալ Տիրոջ ողորմությանը, քայլ առ քայլ մոտենում ենք Փրկչին»:
Հիսնակաց պահքի ընթացքում ֆիզիկապես և հոգեպես պատրաստվում ենք արժանի դառնալ՝ հաղորդակցվելու Տիրոջ Մարմնին ու Արյանը, պատրաստվում ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյանն ու Աստվածհայտնությանը:
Ժամանակին, մինչև Սուրբ ծնունդ սահմանված էր պահքի շրջան՝ 50 օր տևողությամբ: Այժմ այդ շրջանը բաժանված է շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով: Առաջինը սկսվում է Սուրբ Ծննդյանը նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ շաբաթապահքերը նախորդում են Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի և Սուրբ Ծննդյան տոներին: Սուրբ Ծննդյան տոնի շաբաթապահքը սկսվում է դեկտեմբերի 30-ին:
Ամանորին պահք պահելը բարդ է, նկատում է քահանան, բայց հիշեցնում, որ տոնի գաղափարը միայն համեղ սնունդ ուտելը չէ: Առաջարկում է՝ ինքներս մեզ հարց տանք. ի՞նչն է մեր կյանքում առաջնայինը.
«Առաջնայինը մեզ համար պետք է լինի մեր հոգու մաքրությունը, փրկությունը: Գուցե հոգևոր զարթոնքի, հոգևոր աճի ճանապարհը բարդ թվա, սակայն որևէ բան անհնար չէ, եթե կա ցանկություն, հավատք, սեր: Պահքը նպաստելու է, որ կարողանանք մեր մեջ ուժ գտնել՝ շարժվելու ճիշտ ճանապարհով»:
Հիշեցնում է՝ ժամանակին հայկական ընտանիքներում Ամանորին պահոց ուտեստներ են դրվել սեղաններին: Հոգևորականի հորդորն է՝ չմոռանալ նաև իրար սիրելու, սեր տարածելու մասին.
«Հիսուս Քրիստոս ինչո՞ւ աշխարհ եկավ: Եկավ՝ ոչ թե պատժելու, այլ կատարելագործելու: Եկավ, որովհետև սիրում էր մարդկանց: Այդ սիրո արդյունքն է աստվածհայտնությունը, որով սկիզբ դրվեց մարդկության փրկությանը»:
Պահոց շրջանը կավարտվի Սուրբ Ծննդյան ճրագալույցի Սուրբ Պատարագով և հունվարի 6-ին ջրօրհնյաց Պատարագով:
--00—ՅՄ