Տեղեկությունների փոխանակումը վերջին տարիներին արդյունավետ կիրառվում է ՀՀ հարկային մարմնի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

photo_2024-11-29_11-03-01

Նոյեմբերի 25-29-ն Ասունսիոնում (Պարագվայի Հանրապետություն) անցկացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի տարեկան համաժողովը, որի շրջանակում նոյեմբերի 25-ին կայացել է նաև Ասիական նախաձեռնության 7-րդ բարձրաստիճան հանդիպումը: Այդ մասին հայտնում են Պետեկամուտների կոմիտեից:

Համաժողովը վարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ մեկ անգամ ևս շեշտադրելով Ասիայի նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար: Հանդիպումը նշանավորվել է նաև դիտորդ երկրների աննախադեպ մասնակցությամբ և բարձրացված հարցերի կարևորությամբ:

Իսկ ՏՀԶԿ գլոբալ ֆորումի տարեկան համաժողովում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել որպես պանելային մասնակից։ Ընդգծելով գլոբալ ֆորումի կողմից կրիպտոակտիվների հաշվետվողականության ստանդարտի մշակման և ներդրման  ուղղությամբ կատարված աշխատանքների կարևորությունը՝ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ստանդարտի ներդրման հաջողությունն ավելի սահուն և արդյունավետ կլինի բոլոր երկրների կողմից այն հնարավորինս արագ ընդունելու դեպքում:

Հաջորդ պանելային մասնակցությունը վերաբերում էր տեղեկությունների փոխանակման կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հատկապես տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում:  Քննարկմանը ՀՀ ներկայացուցիչը կարևորել է միջազգային համագործակցության նման ձևաչափի  նշանակությունը, ինչն ավելի թիրախային և արդյունավետ է դարձնում տեղեկությունների փոխանակման գործընթացը: Ներկայացվել է, որ տեղեկությունների փոխանակումը վերջին տարիներին բավականին արդյունավետ կիրառվում է ՀՀ հարկային մարմնի կողմից, և այս ուղղությամբ արձանագրվել են  մի շարք հաջողություններ։ Միաժամանակ ընդգծվել է, որ տեղեկությունների փոխանակման համակարգի կայացումը աննախադեպ ազդեցություն ունի նաև հարկային կարգապահության բարձրացման հարցում։

Պանելային քննարկման մասնակիցները միաձայն համաձայնել են, որ գլոբալ ֆորումի բոլոր անդամների միջև արդյունավետ համագործակցությունը կարևոր նախադրյալ է թե՛ առանձին վերցրած երկրների հարկային եկամուտների հավաքագրման, թե՛ առհասարակ, համաշխարհային եկամտի հավաքագրման հարցում:

Նշենք, որ Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում ավելի հասցեական դարձնելու նպատակով: Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումը՝ 171 անդամ երկրների մասնակցությամբ, ներառյալ G20-ի բոլոր երկրները և 23 դիտորդներ, առաջատար միջազգային մարմին է, որն աշխատում է ամբողջ աշխարհում հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության  միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ:

--00—ՅՄ