ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև։ Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշինքից բխող հարցեր, իրավիճակը տարածաշրջանում հետհակամարտային շրջանում, ներկայիս իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել Մալթայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների և քննարկումների շուրջ։
Զրույցի ընթացքում Ադրբեջանը աջակցություն է հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև հույս է հայտնել, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտով լուծում կգտնի՝ ելնելով սիրիացի ժողովրդի շահերից և կամքից։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ և բազմակողմ այլ հարցերի շուրջ։
--00—ՅՄ