Կորեայի նախագահին ձերբակալելու փորձի ժամանակ անվտանգության աշխատակիցներին թույլատրվել է կրակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

88

Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավարն իր ենթականերին թույլ է տվել անհրաժեշտության դեպքում օգտագործել անձնական հրազեն, երբ քննիչները ժամանել են նախագահ Յուն Սեոկ Յոլի նստավայր՝ նրան ձերբակալելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են դեմոկրատական «Տուբորո» կուսակցությունում, որը վերահսկում է խորհրդարանական մեծամասնությունը Կորեայում: 

Առաջատար ընդդիմադիր կուսակցությունը նախկինում ստեղծել է համապատասխան հանձնաժողով՝ երկրում դեկտեմբերի 3-4-ին ռազմական դրության և դրան հաջորդած իրադարձությունների կապակցությամբ նախագահի գործողությունների հանգամանքները հետաքննելու նպատակով:

Հանձնաժողովի անդամները նշել են, որ հունվարի 3-ին հակակոռուպցիոն քննչական վարչությունը դադարեցրել է նախագահին ձերբակալելու փորձերը՝ նրա անվտանգության աշխատակիցների՝ հրազեն կրելու պատճառով։

Նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Յունգ Ջունը հրահանգել էր կրակել ոչ մարտական փամփուշտներով, անհրաժեշտության դեպքում՝ նաև մարտական:

Հունվարի 3-ին միասնական քննչական խմբի ներկայացուցիչները լքել են նախագահական նստավայրի տարածքը՝ նախագահի անվտանգության աշխատակիցների  հետ հինգուկես ժամ տևած դիմակայությունից հետո։ 

Հակակոռուպցիոն քննչական վարչությունը հայտարարել է, որ հատուկ ծառայության դիրքորոշման պատճառով ձերբակալությունը գործնականում անհնար է իրականացնել։ Իրավապահ մարմինները կրկին դիմել են նախագահի պաշտոնակատարին՝ խնդրելով կարգադրել անվտանգության ծառայությանը չմիջամտել ձերբակալությանը։ 

Դեկտեմբերի 31-ին դատարանը ձերբակալման և հետախուզման որոշում է կայացրել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի նկատմամբ, որի ժամկետը լրանում է հունվարի 6-ին։

 

 

 --00—ԱՊ