ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից վերջին օրերին տարածվող կեղծ հաղորդագրությունների վերաբերյալ, թե իբր հայկական զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որում մասնավորապես ասված է.
«Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը եւ մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։
Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաեւ, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արեւմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ, հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ եւ Հայաստանի Հանրապետության հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։
Միեւնույն ժամանակ վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն»։
Հայտարարությունը ամբողջությամբ այստեղ:
--00--ԱՀ