ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը մտադիր են քննարկել, թե ինչպես կալանք դնել ռուսական սառեցված ակտիվների վրա՝ համատեղ պաշտպանական ծախսերը մեծացնելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։
Ինչպես նշում է գործակալությունը, քննարկումները մարտի 18-ին տեղի կունենան Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմիի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հանդիպման ժամանակ։
Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ բանակցությունների թեման լինելու են այն միջոցները, որոնք Եվրոպայի համար իրավական հիմնավորում կապահովեն միլիարդավոր դոլարների ռուսական ակտիվների վրա կալանք դնելու համար։
Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ այդ հարցում առաջընթաց է գրանցվել՝ չնայած առանձին եվրոպական երկրների դիմադրությանը, ինչպիսիք են Բելգիան և Գերմանիան, որոնք մտահոգված են, թե բռնագրավումը կարող է խախտել պետական անձեռնմխելիության սկզբունքը և ազդել եվրոյի փոխարժեքի վրա։
Գործակալությունը հիշեցնում է, որ ԵՄ-ն, «Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի շուրջ 280 միլիարդ դոլարի ակտիվները։ Ռուսաստանի հայտնի ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների միջոցով սառեցվել են նաև շուրջ 58 միլիարդ դոլար գումարի ակտիվներ։
--00--ԱՀ