ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Կառավարության որոշման պատճառով ապրիլի մեկից հազարավոր արցախցիներ կամ արտագաղթելու են, կամ հայտնվելու են դրսում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ մենք մեր հիմնավորումները ներկայացրել ենք, բայց քանի որ իրենց կողմից հետքայլ չի արվում, ստիպված ենք մտնել պայքարի հաջորդ փուլ։
Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Նրա խոսքով, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արցախցիների իրավունքներին վերաբերող հարցերը չեն քննարկվելու, միայն սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերի մասին կարող են խոսել, միևնույն ժամանակ շեշտեց, որ չի վերանայվելու նախկինում տրամադրվող 50-հազարական դրամները չհատկացնելու վերաբերյալ որոշումը։
«Պայքարի երկրորդ փուլն ենք սկսում, հանրային լայն քննարկումներ ենք մեկնարկելու հայաստանյան, արցախյան և սփյուռքի սրտացավ մարդկանց մասնակցությամբ։ Հստակ գործողություններ ենք իրականացնելու, մենք ունենք պլան Բ, Ց և Դ»,- ընդգծեց խորհրդի անդամը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում արցախցիները մեծ հանրահավաք իրականացրեցին իրենց իրավունքների պաշտպանության և սոցիալական խնդիրների լուծման նպատակով։ Նրանք կառավարությանը պահանջագիր ներկայացրեցին, տալով մեկ շաբաթ ժամանակ՝ վերանայելու իրենց որոշումները և զբաղվելու արցախցիների խնդիրներով։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՀ