ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14,033 միավոր է վաստակել։
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի բոլոր 5 անդամները դուրս էին եկել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ:
Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը և Համաշխարհային Ունիվերսիադայի կրկնակի հաղթող Արթուր Ավետիսյանը հանդես կգան օղակների վարժության եզրափակչում:
Օլիմպիական Խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը վաղը՝ ապրիլի 13-ին, հանդես կգա հենացատկի վարժության եզրափակչում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ Նախարարության մամուլի ծառայությունը։
--00--ՍՊ