ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ, ըստ Դաշնային սանիտարական ծառայության ղեկավար, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովայի, սահմանը հատող քաղաքացիների ուժեղացված ստուգում է սկսվել տարեսկզբից։ Այդպիսի ստուգում են անցել ավելի քան 20 000 չվերթների ուղևորներ, այդ թվում՝ Չինաստանից ժամանած 6700 մարդ: Արդեն ավելի քան 100 մարդ է հայտնաբերվել, որոնք ունեն հիվանդության նշաններ. բոլորը մեկուսացվել են և հետազոտվել հիվանդության էթիոլոգիան պարզելու համար:
«Հունվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, իսկ բարձր ջերմությամբ կամ այլ ախտանիշներով մարդկանց մոտ հայտնաբերել են միայն ՍՇՎ, A եւ B տեսակի գրիպ ու պարավիրուս: Մեկ մարդու մոտ կար միկոպլազմա»,- նշել է Աննա Պոպովան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել Գերմանիայում։ Ընդհանուր առմամաբ Չինաստանում վիրուսից մահացածների թիվը գերազանցում է 100-ը, վիրուսով վարակվածներինը՝ 4500-ը։