ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Փետրվարի 15-ին Գյումրիի Կամոյի փողոցի մի բնակչուհի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 1-ից 11-ը, անհայտ անձինք, օգտվելով իրենց բացակայությունից, կոտրել են մուտքի դռան փականը, տնից գողացել ոսկյա շղթա, փող ու հեռուստացույց՝ պատճառելով մոտ 1 միլիոն դրամի նյութական վնաս:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ:
Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Սպիտակի բաժնի ծառայողները, և հաղորդումից օրեր անց, համագործակցությունը դրական արդյունք տվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը կատարել են Գյումրիի Մանուշյան փողոցում և Անտառավան թաղամասում բնակվող երկու տղամարդ` Պարոնյան փողոցում հաշվառված մի երիտասարդի հետ:
Մարտի 3-ին կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: