Գյումրիում կեսգիշերին կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է․գողոնը՝ հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News         

Մայիսի 28-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մուշի բաժնում Գյումրիի Սավոյան փողոցի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրը, օգտվելով տնից իրենց բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տնակի մուտքի դռան փականը և գողացել հեռուստացույց ու համակարգիչ:

Օպերատիվ խումբը մեկնել էր Սավոյան փողոց: Իրավապահներն ուսումնասիրել էին դեպքի վայրը, կազմել արձանագրություններ: Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ հունիսի 1-ին բնակարանային գողության վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց. դարձյալ օգտվելով տանտերերի բացակայությունից` կոտրել էին Շարա Տալյան փողոցի տներից մեկի դուռը և գողացել հեռուստացույց:

Ձեռագիրը նույնն էր: Մշակվեց օպերատիվ պլան: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, և փոխգործակցությունն օրեր անց դրական արդյունք տվեց:

Իրավապահները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունները հնարավոր է կատարած լինի նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Սավոյան փողոցի 36-ամյա մի բնակիչ:

Հունիսի 3-ին, ժամը 12.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն: