ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Թուրքիայում շարունակվում է բուռն կերպով քննարկվել մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից առաջ ՌՍ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միջանցքում սպասեցնելու թեման, գրում է ermenihaber-ը:
Այս տեսարանը ցուցադրող տեսանյութը հայտնվել է ռուսական մեդիայում, ապա արագորեն տարածվել սոցցանցերի թուրքական տիրույթում՝ առաջացնելով բուռն քննարկումներ:
Այսօր թեմային անդրադարձել է նաև Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խորհրդարանական դաշնակիցը հանդիսացող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին:
Թուրքիայի «գլխավոր ազգայնականը» հայտարարել է, որ Թուրքիայի նախագահին ուղղված վիրավորանքն ուղղված է նաև իրենց բոլորին և ավելացրել. «Եթե Ռուսաստանի ղեկավարությունը դիտավորյալ է դա տեսագրել և ուղարկել է ցուցադրման, ապա դա անամոթություն է, անդաստիարակություն, ստորություն»:
Հիշեցնենք, որ ռուսական հեռուստաընկերությունների ցուցադրած տեսանյությում երևում է, թե ինչպես է Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ավելի քան 2 րոպե ոտքի վրա սպասում, մինչև նրանց ասում են, որ Պուտինը պատրաստ է ընդունելու Էրդողանին: