ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մարտի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացնելու դատարանին։ Այդ մասին տեղեկացնում է նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբը։
«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև»,- նշված է հանձնախմբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռոբերտ Քոչարյանին։