ԱԳՆ-ն հորդորում է խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ինքնաթիռ կորոնա

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Այդ մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ-ն:

Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները:

ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պլանավորում են օտարերկրյա պետությունից վերադառնալ Հայաստան, հորդորում ենք մինչ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ վերստուգել թռիչքների և տարանցիկ հնարավորությունների առկությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու և Հայաստան վերադառնալու կամ տվյալ երկրում մնալու վերաբերյալ խելամիտ որոշում կայացնելու համար: