Թուրքիայում կորոնավիրուսի մասին 10000 sms-ով խուճապ տարածելու համար 31 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ձերբ

Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել  31 քաղաքացու դեմ, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու մեջ»։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ադանայի նահանգային ոստիկանության անվտանգության վարչության կողմից նշյալ անձինք բերման են ենթարկվել։ Նրանց տներում և աշխատավայրերում իրականացված խուզարկության ժամանակ առգրավվել են բազմաթիվ թվային սարքեր։ 

Նրանց դեմ հետաքննություն էր սկսվել մասնավորապես հասարակության մեջ վախ և խուճապ առաջացնելու, թշնամություն տարածելու, ապօրինաբար անձնական տվյալներ հանրայնացնելու և տարածելու մեղադրանքով։  

Նշենք, որ նման դեպք  տեղի էր ունեցել նաև նախորդ շաբաթ։ Ադանայում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ, որում նշված է եղել. «Ձեր թեստի արդյունքը դրական է»։ Հաղորդագրություն ուղարկած անձը ևս ձերբակալվել է։