ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա-խմբ․) Ջաֆերբեյ թաղամասում գտնվող պատմական հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 20-ին նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Պատարագի չեղարկումը պայմանավորված է Պոլսո Հայոց պատրիարքարանի որոշմամբ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումներով։ Այս առթիվ Պատրիարքարանի կողմից հարապարակված 9 հոդվածից բաղկացած որոշման համաձայն՝ Թուրքիայի բոլոր հայկական եկեղեցիներում բոլոր տեսակի միջոցառումները և հավաքները հետաձգվում են մինչև հաջորդ համապատասխան ծանուցումը։
Նշենք, որ Կեսարիայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ 2013թ․ պաշտոնական վերաբացումից հետո Թուրքիայի հայ համայնքը ամեն տարի այս եկեղեցում Միջինքի պատարագ է մատուցում։ Պատարագի մասնակիցները հիմնականում Ստամբուլից եկող հայերն են, ովքեր այնուհետև այցելում են նաև Իսկենդերունի և Հաթայի հայկական եկեղեցիներ։