ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
«Հրապարակ» թերթը գրում է. Իմ Քայլի, Լուսավոր Հայաստանի եւ նույնիսկ ԲՀԿ-ական պատգամավորները խիստ վրդովված են ԲՀԿ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Միքայել Մելքումյանի՝ այսօր մեկնարկած խորհրդարանի նիստի ընթացքում դրսեւորած պահվածքից:
Պատգամավորները կարծում են, որ նշված երկու գործընկերների մրցավազքի պատճառով այսօր մեկնարկած քառօրյա նիստը արհեստականորեն ձգձգվել է: Մինչդեռ նախապես իշխող թիմում ներքին որոշում էին ընդունել՝ իրավիճակով պայմանավորված հապշտապ ավարտել ԱԺ աշխատանքները, հատկապես, որ օրակարգում մեծամասամբ առաջինից երկրորդ ընթերցման ներկայացված նախագծեր են:
Սակայն մեզ ասացին, որ Սերգեյ Բագրատյանն ու Միքայել Մմելքումյանը տեւական ժամանակ է իրար հետ մրցում են՝ parliamentmontoring-ի ամենաակտիվ պատգամավորի տիտղոսակիր դառնալու հարցում: Նրանց կուսակիցները կփաստեն, որ ցանկացած նախագծի ժամանակ երկուսից մեկը եթե գրանցվում է հարց տալու կամ ելույթ ունենալու համար, անմիջապես հետ չի մնում նաեւ երկրորդը: Փաստորեն, անգամ այս վտանգավոր իրավիճակում պատգամավորները չեն պատրաստվում դադարեցնել մրցությունը:
Մենք տեղեկացանք, որ Իմ Քայլից անգամ նախատել են ԲՀԿ-ականներին՝ հորդորելով զսպել իրենց կուսակիցների ամբիցիաները: Ընդ որում Մելքումյանի զգուշավորության մասին արդեն բոլորն են խոսում, նա այն բացառիկ պատգամավորներից է, ով ԱԺ նիստերին է հաճախում դիմակով եւ ձեռնոցներով, ավելին,նա կարող է այնքան սպասել դահլիճի դռան դիմաց, մինչեւ մեկ ուրիշը կգա եւ կբացի դուռը, միայն, թե ինքը չհպվի:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում