ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գառում է արել՝ անդրադառնալով հասարակության շրջանում շրջանառվող այն թեմային, թե մահացածների հարազատներին առաջարկում են 100 000 դրամ ստորագրել, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, ըստ որի՝ մարդը մահացել է կորոնավիրուսից։
«Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է։ Խոսքը վերաբերում է նրան, որ «Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից»։
Նման լուրեր տարածողների կարող եք գտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես նաև նախարարության ֆեյսբուքյան մեկնաբանություններում։ Անհասկանալի այս լուրերի հետևից փորձել ենք գնալ, սակայն գրառումներ կատարողներից որևէ արձագանք չենք ստացել և չենք գտել սկզբնաղբյուրը։ Գրառումների մեծ մասն արվում են հիմնականում ֆեյք էջերից, օրինակը՝ սքրինշոթում։
Այս անհեթեթ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և մահը գրանցելու պահից մինչև դին հարազատներին հանձնելու գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից։ Անհասկանալի է նաև, թե ո՞րն է պետության շարժառիթը՝ չհիմնավորված մահեր ունենալու և վիճակագրությունն «ուռճացնելու»։
Կան մարդկանց որոշակի խմբեր, որոնք օգտվում են իրավիճակից և առիթը բաց չեն թողնում շարունակաբար վարկաբեկելու առողջապահության նախարարության կատարած աշխատանքը։
Հ. Գ. Այնուամենայնիվ, եթե կան մարդիկ, որոնք դեռ պդնում են, որ այդ երևույթը կա մեզանում խնդրում ենք անհապաղ ներկայացնել ապացույցներ»,-գրել է ԱՆ խոսնակը։