ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԱԾ տեսանյութում հրապարակված՝ իր անվանն առնչվող փաստթղթի մասին:
«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս...
Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ՝ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային, ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ:
Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային:
Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար:
Հ.Գ. Խնձոր կերեք, խնձոր»,-գրել է Զոհրաբյանը:
Ավելի վաղ գրել էինք, որ ԱԱԾ-ի տարածած տեսանյութում՝ կադրերից մի քանիսում, երևում են փաստաթղթեր, որոնք մակագրված են ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, Նապոլեոն Ազիզյանի, Սերգեյ Բագրատյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած, արդեն անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անուններով:
Փաստաթղթերից մեկում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունով գրություն կա. «Ես՝ Նաիրա Զոհրաբյանս, որպես ԲՀԿ անդամներից մեկը, ով իր ողջ քաղաքական ուղին անցել է Գագիկ Ծառուկյանի հետ, Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ, որ երբևէ չեմ անելու հայտարարություններ, որոնք նախապես չեն քննարկվել և համաձայնեցվել Ծառուկյանի հետ:
Ես երաշխավուրում ու երդվում եմ իմ ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջիկներով, որ այլևս էմոցիոնալ առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու»: