ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումները հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ դժվար իրավիճակն Անդրկովկասում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ բոլորն անհանգիստ էին ԼՂ-ում զինված հակամարտության պատճառով, որում ներգրավված էին Ադրբեջանն ու Հայաստանը:
Ռազմական գործողություններն, ըստ Պուտինի, մեծացրին տարածաշրջանում ահաբեկչության վտանգը:
«Բոլորին է հայտնի, որ ՌԴ-ն որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել` ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելու, կրակի լիարժեք դադարեցման հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար: Մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ ՄԽ-ում ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին»,- ասել է նա:
ՌԴ նախագահի խոսքով` նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ համաձայնագիրն ընդհանուր առմամբ հետևողականորեն կյանքի է կոչվում, շփման գծի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ` իրավիճակի նոր սրում թույլ չտալու համար:
Այժմ, ըստ Պուտինի, խնդիր է դրված` օգնել տուժած շրջաններին հումանիտար խնդիրների լուծման, այդ թվում`փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանման հարցերում:
--00--ԱԹ