ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News
Արցախի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թուրքիայի առջեւ փակելով Եվրամիության դռները, ինչի առթիվ, ի դեպ, հայ ազգայնականներն աննկարագրելի հրճվանք ապրեցին, Արեւմուտքն Էրդողանի հավակնություններն ուղղորդեց դեպի հարավ եւ արեւելք: Նպատակն, ըստ երեւույթին, ռուս-թուրքական եւ թուրք-պարսկական լրջագույն բախումներ հրահրելն էր, որից հետո կթուլանային եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան, եւ Իրանը: Եւ կգար ազդեցության ոլորտների վերաբաժանման ժամը:
Թուրքիան եւ Ռուսաստանը կանխազգացին սպառնալիքը եւ, շատ հարցերում մրցակից լինելով հանդերձ՝ գնացին ռազմավարական համագործակցության, որին մասնակիորեն աջակցեց նաեւ Իրանը:
Քառասունչորսօրյա պատերազմից, որի նախապատրաստմանը հօգուտ Ադրբեջանի ուղղակի կամ միջնորդավորված ջանքեր է գործադրել նաեւ Արեւմուտքը, Եվրոպան եւ ԱՄՆ-ը փաստացի ոչինչ չստացան:
Մեծ հաշվով կորցրեց նաեւ Իրանը, որ հիմա փորձում է առավելագույն հնարավորը քաղել: Նույն ծիրի մեջ են Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Շատ բարդ խճանկար է: Աստված օգնական հայ դիվանագիտությանը, որպեսզի կարողանա հասնել Լեռնային Ղարաբաղի ամբողջականության վերականգնմանը եւ վերջնական կարգավիճակի հարցի միջազգային լեգիտիմացմանը»: