ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անհապաղ պահանջելով ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գոիծողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,
Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝ անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»,-հայտարարել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
ՀՀ ԱԳՆ-ն ևս արձագանքել է միջադեպին՝ խստորեն դատապարտելով այն և պահանջելով 6 հայ գերիների անհապաղ վերադարձ։
--00—ԼՄ