ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Սյունիքի դիրքերից ու բարձունքներից հայկական զորքերի հետքաշման վերաբերյալ Hraparak.am-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։
- Արդյոք նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսվա՞ծ էր նման բան, որ մեր ուժերը գնան սահմաններից:
- Այո: Ամսի 9-ին ստորագրված փաստաթղթում ամեն ինչ գրված է եղել: Ինչո՞ւ մարդիկ չեն հասկանում ու այսօր շահարկում են, ես չեմ հասկանում: Այն ժամանակ, երբ ես կարդացի այդ փաստաթուղթը, ինձ համար պարզ էր, որ այդ դիրքերից դուրս ենք գալու: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կանգնելու են միայն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին: Ուրիշ տեղ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր չի ունենալու:
- Մեղրիի ու Գորիսի դիրքերի մասին չէ՞ խոսքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանի:
- Հիմա ես իմ բարբառո՞վ խոսեմ, թե՞ Նիկոլի: Իմ բարբառով Կովսականն ու Սանասարն Արցախ են, Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է:
- Փաստաթղթում գրված է, որ բոլոր ուժերը մնալու են այնտեղ, որտեղ որ կանգնած էին, երբ ավարտվեց պատերազմը:
- Դրան հաջորդող կետ կա: Այնտեղ գրված է, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը զուգահեռ, հայկական զինված ուժերը դուրս են բերվում: Այն, ինչ արվել է, համապատասխանել է նոյեմբերի 9-ի փաստաթղթին:
Հիշեցնենք՝ Մովսես Հակոբյանը պաշտոնից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 10 օր անց։
--00—ԼՄ