ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Դեկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայում ՌԴ նախագահի միջազգային մշակութային հաղորդակցության հարցով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիկոյի մասնակցությամբ տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպում:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Մարինա Մխիթարյանը, և կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
24News-ի հետ զրույցում Ռուբեն Բաբայանը նշեց, որ հանդիպումը ավելի շատ ճանաչողական բնույթ է ունեցել, նախապես որոշված է եղել, որ քաղաքակական հարցեր չեն քննարկվելու, քննարկման թեման առաջին հերթին լինելու է հումանիստական:
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմից երեք համալսարանների ռեկտորներն են եղել, մեկ կինոգետ և կինոբեմադրիչ: Հանդիպմանը խոսել են հնարավոր քայլերի մասին, որոնք կարող են մեղմացնել այն ատելությունը, անհանդուրժողականությունը, որը տիրում է երկու հասարակությունների մեջ, կարևորելով վստահության վերականգնումը:
«Մենք նշեցինք, որ վստահության վերականգնումը պարզապես դեկլարացիա չէ, այլ կոնկրետ քայլեր են և մեր համար այդ բոլոր հարցերը շոշափելուց առաջ կարևոր խնդիր է հայ գերիների վերադարձի հարցը: Ընդգծեցինք, որ մեկ տարուց ավելի հայ զինվորականները գտնվում են գերության մեջ և նրանց օգտագործում են, որպես խաղաքարտ՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար, որը մեզ համար անթուլտարելի է:
Ադրբեջանցիները նշեցին, որ իրենց համար մեծ խնդիր է ականապատ դաշտերը, որտեղ մոտ հարյուր հոգի մահացել են և խնդիրը քարտեզներն են, մենք էլ ասացինք, որ մենք չենք կարող ասել, որքանո՞վ են այդ քարտեզները իրական, երբ են կազմվել և այլ հարցեր: Մարիամ Մխիթարյանը լավ համեմատություն արեց, ասաց`մեր հարաբերություններն ականապատված դաշտեր են»:
Ռուբեն Բաբայանի խոսքով` Միխայիլ Շվիկոն ցանկություն է հայտնել, որպեսզի հանդիպումները շարունակական լինեն, սակայն իրենք ընդգծել են, որ հաջորդ հանդիպումը իրատեսական կլինի, եթե այս հանդիպման գործնական արդյունքը հստակ տեսանելի լինի, մարդասիրական քայլ արվի և գերիները վերադառնան:
«Մեր կողմից գերիների հետ կապված ներկայացված փաստարկները շատ ուժեղ էին, իրենք ասում էին, որ մենք հասկանում ենք, համոզված պետք է լինենք, որ բոլորը վերադառնալու են ուղղակի հիմա որոշ դատական գործեր կան: Բոլորս խաղաղություն ուզում ենք բայց պետք է հասկանալ, որ Արցախի խնդիրը, ժողովրդի խնդիրը մեր պատերազմի հաղթանակով խնդիրները չեն վերանում, ատելությունը մնում է: 30 տարվա հարաբերութունների հետո բարեկամություն հաստատելը իրական չէ, բայց պետք է քայլ առ քայլ վերացնել անվստահությունը, իսկ դրա համար պետք է հստակ քայլեր լինեն:
Իրենք էլ էին նշում, որ պատրաստ են խաղաղություն, դրանք իհարկե լավ բառեր են, բայց ո՞րն է առաջին քայլը, ուրեմն, որպես առաջին քայլ գերիներին վերադարձրեք: Երբ գործնական քայլեր լինեն, դա ոգևերիչ կլինի հետագա հանդիպումների համար: Կարծում եմ՝ այս հանդիպման միջնորդը ևս պետք է գերակատարում ունենա՝ ցույց տալով, որ միջնորդ լինելը ծանրակշիռ երևույթ է»,- հավելեց նա:
Բաբայանը նշեց, որ ժամանակը ցույց կտա հանդիպումը որքանով է արդյունավետ եղել, բայց իր համոզմունքն է, որ գերիների հարցը չպետք է թողնել պետական ու միջազգային ատյաններին, սա այն հարցն է, որ յուրքանչյուր հայ, իր փոքր լուման ներդնելով պետք է փորձի այդ գործին նպաստել։
«Նման հանդիպումները կարևոր են, երբ մարդը, պետությունը մեկուսանում է, իրեն հաշվի չեն առնում, մեկուսանալը թուլության, փաստարկների պակասի նշան է: Իրականոմ բոլոր նրանք, ովքեր փորձում են հումանիստական հարցեր լուծել Հայաստանում, պետք է ունենան ամուր թիկունք, ոչ թե աշխատեն երկու ճակատի վրա»-եզրափակեց Բաբայանը: