ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Արցախի Հանրապետության կառավարությունը դեռևս չի կարող ասել, թե երբ տեղի բնակչությունը կրկին կապահովվի գազով։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը 24News-ի հետ զրույցում դժվարացավ կոնկրետ ժամկետներ նշել։
Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: «Համենայնդեպս վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո տեխնիկական հարցեր կան, որ մեր մատակարար ընկերությունը, անվտանգությունից ելնելով, պիտի կատարի», - ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
24News-ի տեղեկություններով վերանորոգման աշխատանքներում «Արցախգազ» ընկերությունից աշխատակցիներ ներգրավված չեն։ Իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար 24News-ը նաև փորձեց կապ հաստատել «Արցախգազ» ընկերության տնօրենի հետ, սակայն այնտեղից հայտնեցին, որ տնօրենը խորհրդակցության է։
Մարտի 8-ի առավոտյան 09։47-ին «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ այդ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստան-Արցախ գազատարն է վնասվել, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ վթարի վերացման աշխատանք սկսեն, ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում։ Գազատարի վնասված հատվածը Շուշիի այն մասում է, որն ադրբեջանական վերահսկողության տակ է՝ Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում։ Մինչ օրս բանակցություններ էին ընթանում վերանորոգման աշխատանքներ սկսելու համար։
--00--ԿԿ