ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ՝ 60 կողմ, 27 ձեռնպահ ձայներով ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի որոշ կենդանիների օգտագործումը կրկեսներում:
24News-ի հետ զրույցում Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է օրենքը վերաբերում միայն կրկեսին, և չի արգելվում օրինակ՝ ռեստորանում վանդակում կեդանիներ պահելը:
«Կրկեսը այժմ չի աշխատում, ընդհանուր առմամբ աշխատանքներն ավարտված են, մնում է լուսային, ձայնային տեխնիկա և աթոռներ ձեռք բերվեն: Կառավարությունից խոստացել են, որ մյուս տարվա կեսին կրկեսը կգործի:
Ծրագրել էի կրկեսի բացման օրը Նիկուլինի կրկեսից Կարինե և Արթուր Բաղդասարովներին հրավիրել՝ առյուծներով, վագրերով ներկայացումներ ցուցադրեին, բայց փաստորեն օրենքի ընդունումից հետո չենք կարող, ի՞նչ պետք է անենք, պետք է հարմարվենք»,- նշեց նա:
Պետրոսյանն ասաց, որ իր աշխատանքային բազմամյա փորձից ելնելով վստահ է, որ օրենքը ազդելու է կրկես այցելողների թվի վրա, քանի որ այցելուների մեծ մասը նախընտրում է կենդանիների մասնակցությամբ համարները. «Կենդանավարժությունը կրկեսի ամենասիրելի ժանրերից մեկն է, ծնողները երեխաների հետ տոմս գնելիս հարցնում են, թե ի՞նչ կենդանիներ են ծրագրում լինելու:
Եթե վայրի կենդանիներ թույլ չեն տալիս, մենք էլ տնային կենդանիներ կհրավիրենք, հարցը դա չէ:
Կանադական հայտնի կրկես կա, որը կեդանիներով համարներ չունի, աշխարհում հայտնի է, բայց իրենք եկան ՌԴ, Ղազախստան հաջողություն չունեցան, որովհետև նախկին Խորհրդային երկրներում սիրում են կրկեսի կենդանիներով համարները: Օրինակ՝ Մոսկվայում նման օրենք չկա, պատկերացնո՞ւմ եք Մոսկվայի Նիկուլինի կրկեսն առանց կենդանիների: Երեկ եմ իրենց հետ խոսել, ծրագրում առյուծներով, վագրերով, փղերով, արջերով համարներ են»:
Տնօրենից հետաքրքրվեցինք, կրկեսում կենդանիներ կա՞ն, և օրենքի ընդունումից հետո ի՞նչ պետք է արվեն, պատասխանեց. «Մենք կենդանիներ չունենք, երբ ներկայացումներ են լինում պայմանագրով հրավիրում ենք արտաահմանից գալիս են»:
--00--ԿԿ