ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․
«Քիչ առաջ Բորիս Բախշիյանի կալանավորման գործով պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվեցին:
Արդարադատություն չտեսանք նաև այս ատյանում: Դատավորը շարունակում է պատժվել օրինական և անաչառ աշխատելու համար:
Այս գործով Բախշիյանին կալանքի տակ պահելու համար մեր իրավապահ մարմինները և դատական որոշ կառույցներ պատրաստ են ցանկացած ապօրինության»:
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
--00--ԱՀ