Չենք բացառում, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի գործընթացը կչեղարկի, նոր ագրեսիա կսկսի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Բրյուսելից հետո իմ հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել եմ զորքերի հայելային ետքաշման առաջարկից: Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել եւ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը ցավոք չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին:

Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու եւ նոր նկրտումներ ձեւակերպելու համար, ի վերջո ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաեւ մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն: Դրա համար, ինչպես եւ ասել եմ կառավարության մարտի 31-ի նիստում, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել եւ Բրյուսելում ցուցաբերել ենք այդ ճկունությունը՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունը առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքին տիրող անվտանգային միջավայրին:

Ուզում եմ ընդգծել, որ Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռքբերվել սահմանագծման վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները, բայց այս ամենը նաեւ հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե Ռուսաստանի Դաշնության, թե Արեւմտյան եւ թե մյուս գործընկերները իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին:

Հարկ եմ համարում նշել, որ դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, ինչպես կարելի է կռահել անվանումից, ունենալու է կրկնակի մանդատ: Առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաեւ՝ սահմաններում անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ: Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաեւ միջազգային փորձագիտական ներուժ ներգրավվել: