ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
2021 թվականի ՏԻՄ ընտրություններում վերընտրվելուց հետո ավագանու նիստն առաջին անգամ վարել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:
Արտահերթ նիստի բացմանը Առուշանյանը շնորհավորել է ավագանու անդամներին ընտրվելու կապակցությամբ, վստահություն հայտնել, որ ինչպես նախորդ ժամանակահատվածում, այս անգամ ևս ավագանու անդամները պատվով կիրացնեն իրենց վստահված մանդատները:
«Մենք աշխատել ենք սկզբունքային, աշխատում ենք և աշխատելու ենք նույն կերպ: Ձեզ ցանկանում եմ Աստծո կողմից մեծ էներգիա՝ ձեր և մեր համաքաղաքացիների մտքերը ռեալիզացնելու համար»,- նշել է Գորիսի համայնքապետը:
Առուշանյանն անդրադարձել է նաև նախորդ նիստի օրակարգում ներառված հարցերից մեկին, որը որոշ լրատվականներում շահարկման թեմա է դարձել: Խոսքը ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի տարածքը «Առանցք» ՍՊԸ-ին վարձակալության հանձնելու մասին է:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ ես ունեմ ջերմ հարաբերություններ, հետևաբար, ես երկրապահից չեմ կարող տարածք խլել: Առկա է օրենսդրական բաց, հաջորդ նիստում խնդիրը կլուծվի. տվյալ տարածքը կծառայի և՛ «Առանցք» ընկերությանը, և՛ ԵԿՄ-ին, երկուսն էլ կշահագործեն, հարկ եղած դեպքում տարածքը կտրամադրվի նաև ԵԿՄ-ին, մասնավորապես՝ ԵԿՄ նախագահին՝ Սասուն Միքայելյանին: Չեմ ուզում, որ սա ինչ-որ քաղաքական շահարկումների թեմա դառնա, քանի որ մեր մեջ երբևէ քաղաքական շահարկումների թեմա չի եղել, չկա և կարծում եմ՝ չի լինի: Մեր մոտեցումը մեր երկիրը պահելն է, հետևաբար այդ խոսակցություններն անլուրջ են»,- պարզաբանել է Առուշանյանը, որից հետո ավագանին անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:
--00--ՀԶ