ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 35-ամյա տղամարդու կողմից խուլիգանություն կատարելու և նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ժամը 20:45-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում Երևանի 35-ամյա բնակիչը անհիմն վիճաբանել է նույն հիվանդանոցի բժշկուհու հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է նրա դեմքին:
Բացի այդ, հաջորդ օրը ժամը 00:35-ի սահմաններում 35-ամյա տղամարդը, նշված հիվանդանոցի դիմաց իր ընկերների հետ վիճաբանել է նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն:
Երևանի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
--0--ԱՀ