ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
ՀՀ կառավարությունը հունվարի 12-ի նիստում որոշեց ՀՀ պետական պաշտոնյաներին սպասարկելու համար ՊՊԾ-ին հատկացնել առանձին շտապօգնության մեքենա, որը կշահագործվի ոչ թե շտապօգնության ծառայության, այլ ՊՊԾ–ի կողմից։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին է նվիրել 2022 թվականի արտադրության «Տոյոտա TOYOTA HIACE 2.8 D մակնիշի շտապօգնության 39 ավտոմեքենաներ: Դրանցից 38–ը կառավարությունը որոշել է փոխանցել «Շտապօգնություն» ՓԲԸ–ին, իսկ մեկը՝ ՊՊԾ–ին։
«Պետական պահպանության ծառայության գործառույթների իրականացման նպատակով, այն է`համապատասխան պետական պաշտոնատար անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ապահովման համար,Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրված 2022 թվականի արտադրության «Տոյոտա Հիացե 2.8Դ (TOYOTA HIACE 2.8 D)» մակնիշի թվով 39 շտապ օգնության մեքենաներից 1-ը ամարցվում է Ազգային անվտանգության ծառայությանը` այն Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով»,– ասված է որոշման նախագծում։
Նույն որոշման շրջանակում նախատեսվում է «Շտապօգնություն» ՓԲԸ–ին փոխանցել առողջապահության նախարարությանն ամրացված 2020-ի արտադրության «FORD TRANSIT» մակնիշի շտապ օգնության 5 մեքենաներն ու 2019 թվականի արտադրության «Nissan mini bus» մակնիշի 7 մեքենաները։
Դրանց փոխարեն «Շտապօգնություն» ՓԲԸ–ն առողջապահության նախարարությանը կփոխանցի 2018 թվականի արտադրության «Ջինբեյ Բրենդ» մակնիշի 37 մեքենաներն ու 2011 թ արտադրության FORD TRANSIT մակնիշի շտապ օգնության 3 մեքենաները:
Այս փոփոխությունների արդյունքում, կառավարության հաշվարկով, «Շտապօգնություն» ՓԲԸ–ի ավտոպարկը կհամալրվի 2020-22 թթ․ արտադրության 50 շտապօգնության ավտոմեքենաներով: Առողջապահության նախարարությունը կստանա 2011 և 2018 թթ․–ի արտադրության 40, ԱԱԾ–ն` 2022 թ․–ի արտադրության 1 շտապօգնության ավտոմեքենա։
--00—ԼՄ