ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը RTVI-ի հետ հարցազրույցում կոչ է արել բացել Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ թույլ չտալու համար:
«Չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և մշտապես պահանջում ենք, որ այն բացվի բնակչությանը պարենային և հումանիտար օգնություն հասցնելու համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի առաջացման իրական վտանգ կա:
Անն Կլեր Լեժանդրը նաև հայտարարել է, որ Փարիզը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը, և որ Ֆրանսիան աջակցում է եվրոպական միջնորդական ջանքերին:
Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը չի համաձայնել նաև այն կարծիքի հետ, թե Ֆրանսիան իրական օգնություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը:
«Մեր աջակցությունը հստակ արտահայտված է ամենաբարձր մակարդակով։ Նախագահ Մակրոնն անձամբ է գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի կարգավորման և լարվածության նվազեցման շուրջ բանակցությունների վերսկսման համար»,- ասել է նա:
--00—ԼՄ