ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Փետրվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանին։
Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարներն՝ այդ թվում Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում։ Ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը նպաստող գործոն։
Դեսպան Մինասյանը ներկայացրել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները։ Կարևորվել է միջազգային հանրության հստակ և հասցեական դիրքորոշման անհրաժեշտությունը։
Երկուստեք ընդգծվել է Ռումինիայում և Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերություններում հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների հոգևոր և արժեհամակարգային ընդհանրությունների վրա։
--00—ԼՄ