ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից։
Հանդիպմանը շեշտվել է հայ-կորեական երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:
Գործընկերները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին եւ դրա հետեւանքներին վերաբերող հիմնախնդիրներ:
«Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ եւ հույս ունենք, որ Կորեան կշարունակի աջակցել միջազգային միջնորդների ջանքերին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է հասցեական քայլեր՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ապահովելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ եւ ապահով կազմակերպումը:
--00—ՅՄ