Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

117ca1f9-faa8-4532-8cf2-2bc4840738ff.jpg



Փետրվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 820 զանգ, որից 12-ը՝ տեխնածին, 24-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են, մյուս բոլոր զանգերը ճանաչողական բնույթի են:



Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 8 դռան և 9 վերելակի բացում, 2 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2-ական ելք: Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 4 ելք, իրականացրել շիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:



Հրդեհների մեծ մասի բռնկման պատճառ է հանդիսացել այգիներում և չոր ենթատարածքներում չվերահսկվող կրակը: Առաջիկա օրերին կանխատեսվում է 10-15 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում: ԱԻ ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:



Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ գործընկեր կազմակերպությունների հետ հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Փետրվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 7 ելք: Հայտնաբերվել է շուրջ 96 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Ներքին անվտանգության պատշաճ ապահովման և բնակչությանը ժամանակին օգնություն ցուցաբերելու նպատակով, ՆԳ նախարարության բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումներն աշխատում են շուրջօրյա համակարգված ռեժիմով:



 --00—ԶՀ