ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Մարտի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ նախարարները քննարկելու են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ 2022 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացումը։
ԱԳ նախարարները կանդրադառնան նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարմանը։
Կդիտարկվեն համագործակցության ամրապնդման հեռանկարներն ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, ինչպես նաև գործողությունների համակարգումը տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
--00—ՅՄ