ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
44-օրյա պատերազմին զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը:
Դատարանի բակում նրա աջակիցներն այս պահին ակցիա են իրականացնում:
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել են, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:
Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում:
--00—ՅՄ