ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ընտանիքների հզորացմանն ուղղված իրանական փորձին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1123309

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ։

Ծանոթանալով կազմակերպության գործունեությանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված իրանական փորձին, ինչը մեծամասամբ համընկնում է ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին, նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ևս կարևորում է ընտանիքների հզորացման ու բարեկեցության ապահովումը, և այս գաղափարի իրագործումը իրատեսական է համարում կայուն զբաղվածության ապահովման միջոցով։ Նախարարի խոսքով՝ այս նպատակով մշակվել է նաև ժողովրդագրական ռազմավարության ծրագիր՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության ապահովման համար։

Ըստ աղբյուրի՝ Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանն անդրադարձել է ՄՍԾ կողմից իրականացվող աշխատանքներին․ դիտարկվել է ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։

«Ալի Մոհամադ Ղադերին ներկայացրել է կազմակերպության գործունեությանն ու գործառույթներին առնչվող մի շարք մանրամասներ՝ նշելով, որ ինչպես Միասնական սոցիալական ծառայության, այնպես էլ իրենց կազմակերպության գործունեությունն ուղղված է մարդու բոլոր կենսափուլերում սոցիալական աջակցության տրամադրմանը։ Վերջինիս խոսքով՝ կազմակերպությունը շուրջ 160 տեսակ ծառայություն է մատուցում քաղաքացիներին։ 

ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենն ընդգծել է նաև աշխատուժի փոխանակման, միջին մասնագիտական կրթության զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ պատրաստակամ են հայկական կողմի հետ համագործակցել այս ուղղություններով ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ Ալի Մոհամադ Ղադերին առաջարկել է առաջիկայում քննարկել համատեղ հասարակական կազմակերպություն ստեղծելու հարցը, որը թույլ կտա կողմերին համատեղել ջանքերը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

--00—ՅՄ