ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Դատարանը քաղաքական պատվեր է կատարում, վճիռն ունեին հենց սկզբից՝ մեկ տարի առաջ, այս քրեական գործի նպատակը ինձ վարկաբեկելն է, ինչպես նաև իմ քաղաքական գործունեությունը սահմանափակելը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ խոսելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման մասին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Չալաբյանի ազատությունը սահմանափակվեց 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով։ Նրան արգելվում է մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության վայրը փոփոխելը։
Չալաբյանը նշել է, որ օրենքի և իրավունքի խախտումների տեսանկյունից այս քրեական գործը բացարձակ ռեկորդակիր է․ «Այն հարուցվել է օրենքի բացահայտ խախտումով, փաստացի, մի մերձիշխանական, կիսալեգալ կայքի միջոցով կազմակերպված մատնության միջոցով։ Խախտվել են քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քրեական գործերի հարուցման ընթացակարգերը, այդ հիմքով ընդհանրապես քրգործ չպետք է հարուցվեր»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ քրեական գործը հարուցվել է մի հոդվածով, որը պետք է վերացվեր 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող ՀՀ քրեական նոր օրենսգրքով։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ