ԱՆ-ն աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1137998

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ  համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման  և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար։ Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Նրա խոսքով՝  վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն եղանակային պայմաններն առայժմ հնարավորություն չեն ընձեռում, և դիտարկվում է նաև այլ ճանապարհներով հղիների տարհանումը կազմակերպելու հնարավորությունը: Այդ գործընթացը կազմակերպելու համար նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում ինչպես մարզպետարանների, այնպես էլ՝ սանավիացիայի ներկայացուցիչների հետ:

ԱՆ խոսնակը հայտնեց նաև, որ գերատեսչության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները հեղեղված վայրերում իրականացնում են խմելու ջրի որակի մոնիթորինգ այն հատվածներում, որտեղ վթարներ են գրանցվել:

Ծատրյանը վստահեցրեց, որ նորությունների առկայության դեպքում Առողջապահության նախարարությունը հավելյալ տեղեկություններ կտրամադրի:

Նա հավելեց նաև, որ այս պահին ազդոսկրի կոտրվածք ունեցող  մեկ անձ էլ տեղափոխվում է Երևանի բուժհաստատություն:

--00—ՅՄ