ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Եմենի Հոդեյդայի վրա իսրայելական ավիահարվածներով և կողմերին կոչ է անում խուսափել խաղաղ բնակիչներին և ենթակառուցվածքներին հասցված վնասներից, ասվում է նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Եմենի Հոդեյդա նավահանգստում և նրա շրջակայքում այսօր ավելի վաղ իրականացված ավիահարվածների մասին հաղորդագրություններով»,- ասվում է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնել տարածաշրջանում հետագա էսկալացիայի վտանգի կապակցությամբ՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել։
Գուտերեշը նաև կոչ է արել խուսափել հարձակումներից, որոնք կարող են վնաս հասցնել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ հինգ ավիահարված է հասցվել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդայի հութիների դիրքերին։ Աղբյուրը հավելել է, որ ավիահարվածներից խոշոր հրդեհ է բռնկել Հոդեյդա նավահանգստում։
Հութիների կառավարության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել քաղաքի նավահանգստի նավթի պահեստավորման օբյեկտներին:
Տեղական իշխանությունների աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Հոդեյդայի վրա ավիահարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
Ավելի ուշ եմենական Saba գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը, հայտնել է 80 վիրավորի մասին։
--00—ՅՄ