Տղամարդու փախուստի փորձը կանխվել է, ատրճանակը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Capture

Հուլիսի 19-ի ժամը 21.09-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մոտը զենք է պահում և այդ պահին Վարդանանց փողոցի մարզադպրոցի մոտակայքում է:

Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ իրավապահները ժամը 21.20-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել են նրան: Իրավապահներին տեսնելով՝ տղամարդը փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է: Այդ ընթացքում նա ցուցաբերել է դիմադրություն՝ գոտկատեղից գետնին գցելով ատրճանակը: Ոստիկանները հատուկ հնարքներ կիրառելով՝ նրան ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տարոնի բաժին: Դեպքի վայրում ատրճանակը հայտնաբերվել է: Բաժնում պարզվել է, որ ատրճանակի փամփշտատուփում կա 7,65 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

Վանաձոր քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ