ՌԴ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան ATACMS հրթիռներով հարվածների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

a2.jp

Ռուսաստանցի զինվորականները զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական կարևոր վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից ATACMS հրթիռներով Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ 

«Ի պատասխան ամերիկյան հեռահար սպառազինությունների կիրառման՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը բարձր ճշգրտության հեռահար օդային և ծովային բազավորման միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի կարևոր վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք ապահովում են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը», - հայտնել է գերատեսչությունը։

Ռուսաստանի ՊՆ-ն հավելել է, որ հարվածները հասել են իրենց նպատակին, բոլոր օբյեկտները խոցվել են։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանն արձակել է 93 հրթիռ և գրեթե 200 ԱԹՍ, ինչը դարձել է երկրի էներգետիկ ոլորտի վրա ամենամասշտաբային հարձակումներից մեկը։

«Մեզ հաջողվել է խոցել 81 հրթիռ, որոնցից 11 թևավոր հրթիռները խոցվել են մեր F-16-երի շնորհիվ», - ասել է Զելենսկին՝ արևմտյան դաշնակիցներին կրկին կոչ անելով Ուկրաինային տրամադրել ժամանակակից ՀՕՊ համակարգեր, մասնավորապես՝ Patriot-ներ։

Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել։ «Ուկրէներգո»-ն հայտնել է, որ էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումներն ավելացել են։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 11-ին Ուկրաինայի զինված ուժերը 6 ATACMS հրթիռներով հարված են հասցրել Ռոստովի մարզի Տագանրոգի ռազմական օդանավակայանին, ինչի հետևանքով անձնակազմի շրջանում կան տուժածներ։ Մոսկվան խոստացել էր պատասխանել այս հարձակմանը։ 

--00—ԼՀ